Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150-ամյակը

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150-ամյակը
06.12.2024 | 12:09

Վաղը տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս առիթով վերհիշենք մի քանի հետաքրքիր փաստեր:

Պատմում են, որ քաղաքում նոր եկեղեցի կառուցելու գաղափարը ծնվել է դեռևս 1858 թվականին, Գյումրու սրճարաններից մեկում կայացած հավաքի ժամանակ: Հենց այդ օրն էլ քաղաքի երևելիները սկիզբ են դնում ինչպես նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ միջոցների հանգանակությանը: Դա իրավամբ համաժողովրդական հանգանակություն էր, որին մասնակցում էին բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից: Վայրը, որտեղ պիտի կառուցվեր եկեղեցին, ճահճոտ էր, այդ պատճառով որոշվում է հիմքը փորել ավելի խորը, քան սովորաբար ընդունված էր: Հատկանշական է, որ շուրջ 8 մետր խորություն ունեցող հիմքը փորվում էր բացառապես ձեռքով, առանց որևէ գործիքի օգտագործման, իսկ հողն այնտեղից դուրս էին բերում կանայք ու երեխաները՝ լցնելով իրենց գոգնոցների մեջ: Բոլորն աշխատում էին անվճար ու նվիրումով: Գլխավոր վարպետն էր ինքնուս շինարար Թադևոս Անդիկյանը:

Շինարարությունը տևում է 13 տարի: Բայց դրանից հետո Պետերբուրգից Գյումրի են գալիս երկու ճարտարապետներ, դիտում են կառույցը և կասկած են հայտնում, որ այն կարող է փլուզվել և ուրեմն շահագործման ենթակա չէ: Գյումրեցիները ստիպված էին պայքարել ևս մի քանի տարի, մինչև որ 1874-ին Ամենափրկիչը օծվեց:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ